Լեոնիդ Ենգիբարյան | Իմ գրական առաջնելույթը

Բայց, հասկանո՞ւմ ես, ծերուկ, հիմա այդպես չեն գրում:

Կարճ նովելներն այսօր մոդայիկ են: Եվ, ուրեմն, ես գրեցի իմ առաջին ստեղծագործությունը՝ կարճ նովել: Այսպիսի.


«ՀԱՆԴԻՊՈՒՄ»


«Այդ օրը՝ վաղ առավոտյան, աղջիկը, ձեռքերը տարածած, ընդառաջ էր վազում նրան: Նա գրկեց տղամարդուն և ասաց. «Դու իմն ես»:


Նրանց գլխավերևում ծաղկում էր արևը»:


Իմ առաջին ստեղծագործությունը տարա «Պրիտ» երիտասարդական ամսագրի խմբագրություն: Մորուքավոր, ակնոցավոր մոտ քսանամյա խմբագիրը երկար և ուշադիր կարդում էր իմ մանրապատումը.


- «Դե ինչ, ծերո՛ւկ, վատ չէ: «Հանդիպում». հրաշալի է։ Ասես պարզապես վիպակ լինի: Բայց, հասկանո՞ւմ ես, ծերուկ, հիմա այդպես չեն գրում: Հիմա կարճ են գրում, սեղմ, ասենք, ինչպես… հըմ, ասենք, ինչպես… դե, մի խոսքով, հասկացար: Դե՛ն թափիր ավելորդությունները, ինքդ քեզ մի խնայիր: Միայն գլխավորը: Դե, ուրեմն, մեկ-մեկ անցիր, ծերո՛ւկ»:


Ես գնացի տուն և սկսեցի դեն թափել: «Սկսենք»,- ասացի ինքս ինձ:


«ՀԱՆԴԻՊՈՒՄ»


«Այդ օրը վաղ առավոտյան»: Ստոպ: Ի՞նչ է նշանակում «վաղ», ի՞նչ է, ուշ առավոտ է՞լ է լինում: Հանե´լ: «Կինը, ձեռքերը տարածած, ընդառաջ էր վազում նրան»: Ստոպ: Ի՞նչ է նշանակում «նրան»: Իսկ էլ ո՞ւմ. առանց այն էլ պարզ է: Այնուհետև՝ «ձեռքերը տարածած»: Կարծես վազելիս էլի ինչ-որ բան կարելի է տարածել: Ջնջում ենք: Այնուհետև՝ «Դու իմն ես»: Ախր, կինը չէր կարող ասել՝ «Նա իմն է»: Իսկ եթե դեն ենք գցում «Դու»-ն, ապա ի՞նչ գործ ունի այստեղ «իմ»-ը… «Նրանց գլխավերևում». չէ, սա ինձ դուր չի գալիս: Ասես հնարավոր է, որ արևը ծաղկի «նրանց տակ»:


Առավոտյան խմբագրին տարա հետևյալը.


«ՀԱՆԴԻՊՈՒՄ»


«Այդ առավոտ կինը վազում էր: Կինը գրկեց նրան: Արևը ծաղկում էր»:


- «Ծերո՛ւկ, վատ չէ,- ասաց խմբագիրը:- Վերնագիր էլ ունի: Բայց կան երկարաբանություններ, զարդարանքներ: Հասկանո՞ւմ ես, ծաղկել կարող են խատուտիկները, կակտուսները, խոլորձները, կռատուկները, իսկ այստեղ արև է: Ձգտիր քիչ բացատրել, վստահիր մեր ընթերցողին, ծերո՛ւկ»:


Նորից վերցրի գրիչը: Ոչ մի բան չբացատրել, ինչ է, հիմա՞ր է մեր ընթերցողը, մեր ծերուկները հիմա՞ր են: Ահա այսպես.


«ՀԱՆԴԻՊՈՒՄ»


«Առավոտ: Կինը վազում էր»:


Հետո մտածեցի. «Կինը վազում էր», իսկ տղամարդն, ի՞նչ է, կանգնա՞ծ էր: Կարճ: Ուժեղ: Ոչ մի ավելորդություն:


«ՀԱՆԴԻՊՈՒՄ»


«Առավոտ»:


Հը՞: Իսկ գուցե…«Առավոտ», թե «Առ»: Չէ, պետք է «Ա»: Խմբագրին տարա ձեռագիրս և դրեցի սեղանին.


«ՀԱՆԴԻՊՈՒՄ»


«Ա»:


- «Ծերո՛ւկ, գիտե՞ս, հնչում է: Բայց շատ է, շա՜տ է: «Ա»-ն և´ երեխայի առաջին թոթովանքն է, «Ա»-ն և´ երկրի առավոտն է, «Ա»-ն և´շոգեքարշի սուլոցն է, և´ ագրեսորի սպառանալիքն է «Ա»-ն: Աշխատի՛ր, աշխատի՛ր, ծերո՛ւկ»:


Ես լաց եղա և գնացի տուն՝ «Ա»-ն կրճատելու:


 


Թարգմանությունը ռուսերենից՝ Հովհաննես Այվազյանի